Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բաղանիս գյուղում
Բաղանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։
Պահպանվել են խորանի մասը, հյուսիսային պատը (ողջ երկարությամբ՝ մինչև թաղածածկը)՝ դրանց կից հարավային ու արևմտյան պատերի սկզբնամասերը։ Պատերի ստորին երեսաքարերը հիմնականում բացակայում են։ Թաղակամարների և թաղակապ ծածկի հետքեր, ինչպես նաև տարածքում ավերված մասերի բեկորներ կամ քարեր չեն պահպանվել։
Կառուցված է հիմնականում դեղնավուն ֆելզիտե սրբատաշ խոշոր (ստորին մասերում 60-65 սմ բարձրությամբ) քարերով։ Վերջին երեք շարքերի քարերն իրենց կանաչավուն երանգով տարբերվում են մյուսներից։ Մնացորդները աչքի են ընկնում քարի մշակման և շարվածքի բարձր մակարդակով, կրաշաղախե միջուկիբացառիկ ամրությամբ։
Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ։ Եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, բազիլիկ կառույց է, որը կառուցված է տուֆ տեսակի քարից։ Ունի զանգակատուն, որը գտնվում է մուտքի վերևի մասում։ Եկեղեցին նորոգվել է 1903 թվականին։
Խորհրդային տարիներին եկեղեցին չի գործել և օգտագործվել է որպես պահեստ։ Անկախության տարիներին եկեղեցին կրկին գործում էր, սակայն 1997 թվականի հուլիսի 18-ին բավական տուժեց երկրաշարժի արդյունքում։
Եկեղեցին հիմնանորոգվել է 2005-2006 թվականներին և մինչ օրս շարունակում է ընդունել ուխտավորներին։
Եկեղեցու կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ հայտնի չեն։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է 6-ից 7-րդ դարերով։
1975–1977 թվականներին եկեղեցին նորոգվել Է։
Սուրբ Աստվածածին եկեղեցին դասվում է մաստարայատիպ հուշարձանների շարքին։ Քառակուսի հատակագծով աղոթասրահի կենտրոնական ծավալը շարունակվում է գմբեթով։ Թմբուկը ներսից և դրսից ութանիստ է։ Անցումը գմբեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակ հիմքին իրականացված է տրոմպների հաջորդական երեք շարքով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են արտաքուստ ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձե խորաններ։ Արևելյան խորանի երկու կողմի սենյակները խորանի ծավալից զգալի ցածր են, որի հետևանքով կառույցի ընդհանուր ծավալատարածական հորինվածքում ունեն երկրորդական նշանակություն։
Եկեղեցու ճարտարապետական կերպարի պարզության, լակոնիկության և արտահայտչականության գրավականն են հարդարանքից գրեթե զուրկ ճակատների մոնոլիտությունը, մոնումենտալ պատերի հարթայնությունը, որ շատ բնորոշ է 5-ից 7-րդ դարերի հայկական ճարտարապետությանը։ Եկեղեցու թմբուկի նիստերը մշակված են զույգ սյուների դեկորատիվ կամարաշարով, արևմտյան և հարավային մուտքերը՝ զույգ կիսասյուներով և ճակտոնով պսակված շքամուտքի ձևով (արևմտյան ճակատակալ քարին պատկերված է զարդարուն խաչ), լուսամուտները՝ պարզ պսակներով։ Ներսի պատերը հավանաբար սվաղված են եղել և ծածկված որմնանկարներով։ Տաճարի ամբողջականությունը, նրա համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը վկայում են կառուցողի մեծ վարպետությունը։
Մշկավանքը գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղից 3 կմ հարավ՝ անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա։ Կողբից դեպի վանական համալիր առկա է գրունտային դժվարանցանելի ավտոճանապարհ։ Մշկավանքը ներառված է Հայաստանի պետական պահպանության հուշարձանների ցանկում «10.41.23» համարով։ Ներկայում հանդիսանում է չգործող վանական համալիր։ Մշկավանքի կառուցման թվականի մասին հստակ հիշատակություններ չկան։ Կառույցի ճարտարապետական հորինվածքի հիման վրա կարելի է ասել, որ այն կառուցվել է 12-ից 13-րդ դարերում։ 13-րդ դարի պատմագիր Վարդան Արևելցու հիշատակության համաձայն մինչև 1219 թվականի երկրաշարժը Մշկավանքը կանգուն կառույց էր։ Հուշարձանը վերանորոգվել է 1955-1960-ական թվականներին ճարտարապետներ Հ. Հակոբյանի և Յու. Թամանյանի նախագծերով։ Նորոգման աշխատանքների ժամանակ ամրացվել են գավիթի խաչաձևող կամարները և դրանց հենվող թաղերը։ Նորոգվել են պատերի քայքայված մասերը, խցերը, շքամուտքը, սալապատվել են տանիքները։ Վանական համալիրը կազմված է եղել մի շարք շինություններից, որոնցից այժմ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, նրան կից գավիթը, հարակից գերեզմանոցը, կիսավեր մատուռը։ Հիմնական շինությունը կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով։ Վանքի մոտակայքում պահպանվել են վանքապատկան շինությունների ավերակներ։ Այն հայտնի է իր հարուստ խաչաքանդակներով և վիմական արձանագրություններով։
Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Արճիս գյուղում։ Այն հիմնադրվել է 19 -րդ դարում, կիսավեր է, եռանավ բազիլիկ։ Եկեղեցու հարակից տարածքում կա հին գերեզմանատուն։
Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղում։
Եկեղեցին կառուցվել է 2011-2014, իսկ օծվել է 2014 թվականի հունիսի 1-ին։
Տաճարի ճարտարապետն է Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսակ Մելքումյանը։ Եկեղեցուն կից կառուցվել է հովվատուն։ Սրբանկարների մի մասի հեղինակն է Մայր աթոռի նկարիչ Անդրանիկ Անտոնյանը։ Եկեղեցում տեղ են գտել նաև Տավուշի մանրանկարչության դպրոցի սաների աշխատանքներից։
Սորրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի,Հայ Առաքելական եկեղեցի Տավուշի մարզի Կողբ գյուղում։
Եկեղեցու շինարարությունը տևել է մոտ վեց տարի։
Եկեղեցու տեղում նախկինում եղել է ՛՛Մխիթար Վարդապետ՛՛ փոքրիկ մատուռը։ Այն եղել է փայտաշեն ծածկով մատուռ-եկեղեցի։ Թվագրությունը ենթադրվում է 14-րդ դար։ Մատուռի մեջ ամփոփված են երկու վարդապետերի և երկու քահանաների մարմիններ։ Մինչև այսօր պահպանվել են մատուռի գերեզմանաքարերը և խաչքարերը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Սամսոն Աբովյանի և Սաթենիկ Նասիբյանի բարերարությամբ։
Եկեղեցին օծվել է 2016 թվականի հոկտեմբերի 22 -ին, ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստյանի։
Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է Ոսկեվան գյուղում։ Այն 19-րդ դարի կառույց է։ 2003 թվականին եկեղեցին նորոգվել է և վերանվանվել Սուրբ Գայանե։
Հաղթանակ գյուղի Սուրբ Անդրեաս եկեղեցին կառուցվել է բարերար Անդրանիկ Պապոյանի միջոցներով։ Այն կառուցվել է ի հիշատակ հաղթանակցի զոհված ազատամարտիկների։ Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է 2018թ-ի հունվարի 20-ին՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից։
Սուրբ Սարգիս եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հյուսիս -արևելքում։ Հիմնադրվել է 2000 թվականին Սարգիս Ավագի Պապյանի աջակցությամբ, ինչպես նաև նրա նախաձեռնությամբ եկեղեցու տարածքում տեղադրվել է նաև խաչքար։
Ջուխտակ վանքը (նաև Ջուխտակ Եղցի վանքը) գտնվում է Ոսկեպար գյուղից 8 կմ հարավ-արևմուտք` Ոսկեպար գետի ձախակողմյան անտառածածկ հարավարևելահայաց լեռնաճյուղին և ծովի մակերևույթից բարձր է 1278 մ։ Հայ առաքելական եկեղեցի է։ Վանական համալիրն իրականում բաղկացած է փոքր հեռավորությամբ հյուսիս-հարավ ուղղությամբ միմյանց հաջորդող չորս կառույցներից, որոնցից երեքը եկեղեցիներ են, իսկ մեկը` մատուռ։ Եկեղեցիներից երկուսը և մատուռը կանգուն են, իսկ չափերով ամենամեծ եկեղեցին՝ կիսավեր։ Առաջին եկեղեցին միանավ երկխորան հորինվածքով և երկլանջ ծածկով թաղածածկով շինություն է։ Կառուցված է տեղական անմշակ, մասամբ էլ կոփածո քարով և կրաշաղախով։ Քիվերն ու ծածկը կառուցվել են սրբատաշ քարով։ Միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում։ Առաջինից 4-5 մ դեպի հարավ գտնվում է համալիրի երկրորդ եկեղեցին, որն ունի միանավ թաղածածկ բազիլիկ հորինվածք։ Երրորդ եկեղեցին գտնվում է երկրորդից 3 մ հարավ։ Այն վանական համալիրի ամենաընդարձակ կառույցն է։ Ունի միանավ հորինվածք։ Տանիքը երկլանջ թաղածածկ է եղել, որն այժմ ավերված է։ Հյուսիսային մուտքը պահպանվել է, որին կից գտնվում է ավանդատունը։ Համալիրի չորրորդ կառույցը թաղակապ ուղղանկյուն հատակագծով փոքր մատուռն է, որը եկեղեցիներից հեռու է մոտ 20 մ։ Վանքի տարածքում առկա տարբեր դարերով թվագրվող բազմաթիվ խաչքարեր, տապանաքարեր։ Առավել ուշագրավ է 1272 թվականին ստեղծված կոտրված վիճակում գտնվող թևավոր խաչը։ Տարբեր շինությունների պատերին առկա են հայերեն արձանագրություններ։
Բերդավանք վանքը գտնվում է Ոսկեպար գյուղից 6 կմ արևմուտք` Ոսկեպար գետի ձախակողմյան հարավարևելահայաց անտառածածկ լեռնալանջին և ծովի մակերևույթից բարձր է 1054 մ։ Ըստ ուսումնասիրությունների՝ հիմնադրվել է 13-րդ դարում Հայ քաղկեդոնականների կողմից։ Վանքի սկզբնական անունը մոռացված է, իսկ Բերդավանք անունը ստացել է տեղացիների կողմից։ Վանքը բաղկացած է արևմտյան ճակատի ողջ լայնությամբ կից սրահով կենտրոնագմբեթ հորինվածքով մեկ եկեղեցուց, որն ունի զույգ ավանդատներ։ Եկեղեցին շրջափակված է ամրակուռ բազմանկյուն պարսպապատով, որի առավել լավ պահպանված հատվածը արևելյանն է, որն ունի 73,5 մ երկարություն։ Այն հզորացված է կիսաբոլորակ երեք աշտարակներով։ Վանքն ունեցել է նաև կրկնապարիսպ, որից պահպանվել է միայն հարավարևելյան հատվածն իր անկյունային կիսաշտարակով հանդերձ։ Եկեղեցին կառուցված է թրծված աղյուսով, որոնց մեջ հանդիպում են նաև ջնարակվածները։ Եկեղեցու և սրահի քիվերը քարակերտ են և պատված զարդաքանդակներով։
Ոսկեպարի հարակից տարածքներում հաստատված ադրբեջանցիների կողմից մինչև 1950-ական թվականները Բերդավանքն օգտագործվել է որպես աղյուսի հանքավայր, ովքեր թոնիրներ կառուցելու նպատակով հայկական եկեղեցու աղյուսները քանդել և տարել են։ Եկեղեցու քիվերից մեկը խորհրդային տարիներին օգտագործվել է «Թալանի» աղբյուրի կառուցման համար (ներկայում Գրիգորյանների)։
Հին կամուրջը գտնվում է Ոսկեպար գյուղի համանուն գետի՝ ծովի մակերևույթից 822մ բարձրության վրա: Իր կառուցողական առանձնահատկություններից՝ քարերի շարվածքից, հորինվածքային լուծումներից, կարող ենք վստահաբար ասել, որ այն թվագրվում է 13-րդ դար:Կամուրջն ունի 6.40մ բարձրություն, 3մ լայնություն, իսկ թռիչքը կազմում է 7.70մ: Հաշվի առնելով կամրջի լայնությունը հասկանում ենք, որ այն նախատեսված չի եղել սայլերի կամ կառքերի փոխադրման համար: Չունենալով եզրապատեր, այն առավել համապատասխանում է հետիոտներին և հեծյալներին: Կառուցված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով: Թաղն ունի փռված, անկանոն կամարի տեսք:
Բարեկամավանի հեթանոսական դամբարան (ավելի հայտնի է որպես «Բարձրյալ Խաչ» տաճար), հեթանոսական, հետագայում՝ քրիստոնեականի վերածված դամբարան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում, Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորությամբ։
Այժմ հուշարձանը կոչվում է Բարձրյալ Խաչ։ Դամբարանը նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձև դամբարան է։ Միջնադարում կոթողը ՙքրիստոնեական է դարձել՚. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում, որպես բեմի սեղան, կանգնեցվել է խաչքար, և դամբարանը վերածվել է մատուռի։ Կառուցվել է սրբատաշ կաթնագույն կրաքարով, 5-6-րդ դարերում՝ որպես դամբարան։ Կոթողն ունի 5.5 մետր տրամագիծ և նույնքան էլ բարձրություն, որի 15 նիստերից պահպանվել են 10։ Ունի մեկ մուտք արևմուտքից և մեկ պատուհան՝ հյուսիսից։ Միջնադարում արևելյան լուսամուտին խաչաձև բացվածքով սալ է ագուցվել և ներսում որպես բեմի սեղան խաչքարի բեկոր կանգնեցվել, որով դամբարանը վերածվել է մատուռի (այժմ՝ հայտնի ուխտատեղի)։ Բարձրյալ խաչը ունի հայկական միջնադարյան ճարտարապետության համար եզակի ծավալատարածական հորինվածք և հարդարանք։ Ներսից գլանաձև է, դրսից՝ 14-նիստանի, կիսագնդաձև գմբեթով ավարտվող աշտարակաձև ծավալով, ունի սալահատակված հատակ։
Քիվը բաղկացած է տարբեր կենդանիների՝ ցուլի, խոյի, շան, եղջերուի, վարազի բարձրաքանդակներից, որոնք ընդմիջվում են ականթի ու ծաղկեշղթայի զարդաքանդակներով։ Քիվի տարբեր կենդանիների գլխաքանդակները կապվում են բազմաստվածության հետ։ Ընդհանուր հորինվածքն ու քիվը բնորոշ են անտիկ արվեստին, որի շնորհիվ նախաքրիստոնեական ճարտարապետության ու քանդակագործության ձևերի կիրառման ինքնատիպ և բացառիկ նմուշ է։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Կոթի գյուղում։
Հուլիսի 13-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տ․Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ և ձեռամբ կատարվեց Կոթի գյուղի Ս․Աստվածածին(1900թ․) եկեղեցու վերաօծման արարողություն։ Ձեռամբ Սրբազան Հոր և մասնակցությամբ առաջնորդական փոխանորդ Տ․Սասուն ծայրագույն վարդապետի և թեմի հոգևոր դասի՝ օծվեցին Ս․Սեղանը, Խորանը, Մկրտության Սուրբ Ավազանը։ Գյուղի հավատացյալ ժողովրդի համար այդ օրը նվիրական ու պատմական էր, քանզի 2007 թվականին այդ նույն օրը Սրբազան Հոր ձեռամբ օծվել էր եկեղեցու խաչը։
Եկեղեցին վերակառուցվել է Սահակ Սերգոյի և Արտեմ Դիմիտրի Խաչատրյանների հովանավորությամբ։
Աստվածածնա մատուռը գտնվում է Տավուշի մարզի Պտղավան գյուղում։
Այն իրենց հողամասում կառուցել են Սուրեն Պողոսյան և Էլիդա Հովհաննիսյան ամուսինները։ Մատուռը կառուցվել է 2000-2002 և 2005 թվականներին։ Դեկտեմբերի 4-ին օծվել թիմի առաջնորդի և քահանայի կողմից։ Մատուռը ինքնատիպ ձևավորում ունի, այնտեղ ամեն ծառ ու թուփ, ամեն քար ու կոթող իրենց հոգևոր իմաստն ու նշանակությունն ունեն։ Շատ սրտառուչ է մանուկ հիսուսի ծննդյան քարանձավը, եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար կոթողը՝ իր փոքրիկ զանգակատնով։ Մատուռ ուխտավորներ են գակիս ոչ միայն Պտղավանից, նաև շրջակա գյուղերից ու հեռուներից։
Շատերի համար Աստվածածնա մատուռը նվիրական վայր է դարձել, որովհետև ուխտ են արել, աղոթել ու ստացել իրենց խնդրանքը։
Բերդ-աշտարակը գտնվում է Ոսկեպար գյուղից 2,5 կմ արևմուտք՝ համանուն գետի ձախ ձորապռնկին՝ ծովի մակերևույթից 802 մետր բարձրության վրա։
Հուշարձանի գոյության մասին գրավոր, թերևս նաև եզակի հիշատակությունը հեղինակել է Մակար եպիսկոպոսը։
Հուշարձանն իրենից ներկայացնում է քառակուսի հատակագծով և քառահարկ բերդ-աշտարակ։ Ունի շուրջ 10 մետր բարձրություն։ Զույգ մուտքերը բացված են առաջին հարկի հյուսիսային և հարավային ճակատներից։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի աշտարակը կառուցվել է 13-րդ դարում։
Սուրբ խաչ մատուռ-դամբարանը գտնվում էՀՀ․ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Համաձայն շինարարական արձանագրության՝ կառուցվել է 1859 թվականին, հնամենի սրբավայրի՝ հավանաբար ավերված եկեղեցու տեղում։
Մատուռն ունի ուղղանկյուն-քառանկյունի հատակագիծ։ Չափերն արտաքուստ 4,7x 4,2 մետր են, պատերի լայնությունը 60սմ։ Պատերի պահպանված բարձրությունը հիմնականում երկու շարք էր որոշ հատվածներում մնացել էին նաև երրորդ շարքի քարերը։
Իբրև շինանյութ օգտագործվել են տեղական վարդագույն, կարմրավուն և սպիտակավուն երանգ ունեցող քարատեսակները։
Սուրբ խաչ մատուռի միակ մուտքն արևմտյան կողմից է։ Դատելով պահպանված շարվածքից և գտնված քարերից՝ պատի շարվածքի բարձրությունը ըստ շարերի աստիճանաբար փոքրացել է։
Մատուռը կիսականգուն է եղել մինչև 1950-ական թվականները։
2007 թվականին Կոթիում տեղի ունեցած Սարատիկյանների հավաքի ժամանակ որոշվեց տոհմի անդամների հանգանակությամբ սրբավայրը վերականգնել։ Մատուռի վերաբացման և օծման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2008 թվականի սեպտեմբերի 14-ին։
Սուրբ Աննա եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում։
Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Այրում քաղաքում։ 2007թ-ի գարնանը Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ սկսվում է կառուցվել եկեղեցին։ Հետևողական աշխատանքներից հետո, մոտ մեկ ու կես տարվա ընթացքում, Սուրբ Հովհաննես եկեղեցին իր դռներն է բացում համայնքի ամբողջ հավատավոր ժողովրդի առջև։
Ղալինջաքար ամրոցը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղից հարավ-արևմուտք ընկած եռանկյունաձև հրվանդանի վրա: Դատելով ճարտարապետական ձևերից` ամրոցը կառուցվել է Դավիթ Անհողին թագավորի օրոք (989-1048թթ.): Ամրոցը ունի ձվաձև հատակագիծ, իսկ միակ մուտքը արևմտյան կողմից է, ունի 2 մեծ և 7 փոքր շրջանաձև աշտարակներ:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից 3կմ հարավ գտնվում է Սբ Սարգիս եկեղեցին, որը տեղացիների համար կարևոր նշանակություն ունի։ Հետաքրքիրն այն է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում կա 4 եկեղեցի, և բոլորն էլ կրում են Սբ Սարգսի անունը։ Բայց Դովեղի եկեղեցին տեղացիների համար ամենասիրելին է։ Այն թաքնված է Տավուշի խիտ անտառների մի յուրահատուկ գեղեցկության անկյունում։ Եկեղեցին 7֊րդ դարի կառույց է, ըստ պահպանված գրառումների 16-19րդ դարերում վերանորոգվել է։ Վերջին տարիներին նաև օծվեց եկեղեցու գմբեթի խաչը։
Դեպի Սբ Սարգիս կարելի է քայլարշավ կատարել Դովեղ գյուղից։ Անցնելով 5 կմ գեղեցիկ երթուղով Տավուշի անտառներով, դուք կտեսնեք հայ ճարտարապետության ևս մեկ հրաշալի կառույց։ Ամբողջ արշավի երկարությունը գյուղից դեպի եկեղեցի և հակառակը կկազմի 10 կմ։
Քանի որ եկեղեցին գտնվում է լեռան լանջին բարձրադիր վայրում, այնտեղից բացվող տեսարանն ուղղակի հիացնում է, երևում են Տավուշի խիտ անտառները իրենց ողջ հմայքով և հեռվում՝ Նոյեմբերյան քաղաքը։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում։ Այն գյուղի նորակառույց եկեղեցին է։ Կառուցվել է 2009-2011 թվականներին՝ ծննունդով բարեկամավանցի, Ցոլակ Միքայելյանի հովանավորությամբ: Եկեղեցին օծվել է 2011 թվականի օգոստոոսի 9-ին՝Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանի կողմից: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում, որը հնարավորություն է տալիս բնակչությանը հաճախակի այցելել և հաղորդկից դառնալ եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին:
Սուրբ Գևորգ եկեղեցին(13-14րդ դդ․) գտնվում է Տավուշի մարզի Բերդավան գյուղուից 1 կմ արևելք, Ղալինջաքար ամրոցի մոտ, միջնադարյան գերեզմանոցի տարածքում։ Եռանավ եկեղեցի է։ Պահպանվում են պատերը՝ գրեթե ամբողջական բարձրությամբ։ ՈՒղղանկյուն աղոթասրահը զույգ կամարաշերտերով բաժանված է եղել երեք նավի, որոնցից միջինը արևելյան մասում ունեցել է բարձր բեմ և խորան։ Եկեղեցին ամրոցից հեռու է 200 մետր, և միակ մուտքը ամրոցին նայող ճակատից է՝ եզրված պարզունակ եզրակալով։ Պատերը կառուցված են կիսամշակ դեղնավուն ֆելզիտե մանր քարերով, կամարները, որմնանկարները, եզրաքարերը՝ նույն քարի սրբատաշ կտորներով։
Եկեղեցին իր հորինվածքով, հարդարանքով, շինանյութերով հուշում է ուշ միջնադարում՝ բերդ-ամրոցին մոտ ժամանակներում կառուցված լինելու մասին։
Կորաբերդ, միջնադարյան բերդ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ շրջապատի նկատմամբ իշխող դիրք ունեցող վեհամերձ լեռան գագաթին՝ ծովի մակերևույթից 1268 մետր բարձրության վրա։ Կորաբերդը թվագրվում է որպես 12-13-րդ դարի ամրոց։
Տեղանքի՝ բնությունից ընձեռնված անմատչելիությունը բերդաշինարար ճարտարապետներին հնարավորություն է տվել փոքրածավալ շինարարությամբ վայրը լիովին անառիկ դարձնելու։ Անմշակ քարով և կրաշախաղով իրականացված պարսպապատերով ամրացվել են լեռան միայն հյուսիսային և արևելյան գագաթամերձ առանձին, համեմատաբար խոցելի նկատված հատվածները։
Բերդի ներքին մակերեսը բավականաչափ սահմանափակ է։ Այն հյուսիս- հարավ ձգվածությամբ ունի շուրջ 40 մետր երկարություն և առավել գնդարձակ մասում՝ հազիվ 18 մետր լայնություն։ Պարսպապատերի միջին հաստությունը 90 սմ է։ Միակ դժվար ներթափանցելի մուտքը բացված է հյուսիսային կողմից։
Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Լճկաձոր գյուղում այն հիմնադրվել է 1870 թվականին։ Լճկաձորում գործող եկեղեցի չկա, սակայն գյուղացիները շարունակում են այցելել գյուղի կիսաավեր եկեղեցին՝ Սուրբ Սարգիսը։
Եկեղեցու փոքրիկ մատուռ հիշեցնող անկյունում, որը զարդարված է սրբապատկերներով, գյուղացիները մոմ են վառում և աղոթք անում: Այստեղ լճկաձորցիները նշում են եկեղեցական տոները, ինչպես նաև մատաղ անում: Կիսավեր պատերից մեկի մեջից փոքրիկ խաչ է փորագրված: Գյուղացիները հավատում են, որ եթե որոշակի հեռավորության վրա քար գցեն խաչի ուղղությամբ և քարն անցնի խաչիմիջով, ապա պահած երազանքը կիրականանա:
Facebook
Location on Google Maps
YouTube