Համայնքում գործող հյուրանոցային և ռեստորանային տնտեսության օբյեկտներին․
Տեղեկացնում ենք, որՀայաստանի հյուրանոցային և ռեստորանային ոլորտների զարգացման գործում բարձր որակավորմամբ և մրցունակ աշխատուժի ձևավորմանը նպաստելու նպատակով Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) EHL (École hôtelière de Lausanne) Group-ի հետ համատեղ մեկնարկում է մասնագիտական ուսուցման միջազգայնորեն ճանաչված ծրագիր` շվեյցարական կրթական մոդելով և լիցենզավորված Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից:
Արդեն 2025 թվականի աշնանը Ակադեմիան իր դռները կբացի առաջին ուսանողների համար Հայաստանի մշակութային մայրաքաղաքի սրտում՝ Գյումրիի «Grand Hotel Gyumri by Apricot» հյուրանոցում:
Ակադեմիան առաջարկում է ուսուցում երեք մասնագիտական ուղղություններով՝ «Խոհարարության արվեստ», «Ռեստորանային սպասարկում (F&B)», «Հյուրանոցային վարչարարություն»` ներգրավելով բարձր որակավորմամբ և փորձառու, EHL կողմից վերապատրաստված և հավաստագրված մասնագետ/դասավանդողների: Ուսուցումն իրականացվելու է երեք ամիս՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման սկզբունքով, ևս երեք ամիս՝ աշխատանքային պրակտիկա: Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան ավարտական սերտիֆիկատ և հնարավորություն կստանան շարունակել ուսումը կրթական հաջորդ մակարդակում կամ անցնել աշխատանքի իրենց մասնագիտությամբ։
Տավուշի մարզում հյուրընկալության ոլորտի ենթակառուցվածքների օրեցօր զարգացող հնարավորություններին զուգահեռ շարունակում է խնդրահարույց մնալ աշխատուժի ներգրավման, մրցունակ կադրերի հավաքագրման խնդիրը։ Այս համատեքստում Ակադեմիան առանձնակի կարևորում է իր աջակցությունը Տավուշի մարզում գործող հյուրանոցների և ռեստորանների համար համապատասխան մասնագետների պատրաստման և որակավորման հարցում:
Ծրագրի մանրամասներին ծանոթացնելու նպատակով ս/թ օգոստոսի 5-ին ժամը 12-00-ին ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա հանդիպում-քննարկում մարզի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Լրացուցիչ տեղեկատվության և հարցերի դեպքում Ակադեմիայի ներկայացուցիչների հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 11 202500: