Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 97-Ն
 

Զեկ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  42-րդ կետով , նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը , համայնքի ավագանին

                                                  ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Հաստատել Նոյեմբերյան համայնքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները` համաձայն հավելվածի :
2.Սույն որոշումը ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրը և կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

  Հավելված

Նոյեմբերյան համայնքի ավագանու 

----թվականի ---      -ի

N       -Ն որոշման

 

 

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ

ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1.     Ընդհանուր դրույթներ

 

         1. Նոյեմբերյան համայնքում ընտանի կենդանիներ հաշվառելու և պահելու կանոններով (այսուհետ՝ Կանոններ) կարգավորվում են Նոյեմբերյան համայնքում ընտանի կենդանիներ հաշվառելու, պահելու հետ կապված հարաբերությունները և տարածվում են Նոյեմբերյան համայնքում (այսուհետ՝ համայնք)  գտնվող ընտանի կենդանիներ տիրապետող (պահող) ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա:

         2. Սույն Կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) ընտանի կենդանի (այսուհետ՝ կենդանի)՝ պատմականորեն մարդու կողմից ընտելացված կենդանի

2) ընտանի կենդանի տիրապետող (այսուհետ՝ տիրապետող)՝ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ում հսկողության և (կամ) խնամքի ներքո գտնվում է կենդանին:

 

2. Տիրապետողի իրավունքները և պարտականությունները

 

         3. Տիրապետողն իրավունք ունի՝

1) հիմնել կենդանիների տիրապետողների կազմակերպություն և (կամ) անդամակցել դրան,

2) ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն կենդանուն հաշվառելու և պահելու հետ կապված հարցերի վերաբերյալ,

3) սույն կանոններով նախատեսված այլ իրավունքներ:

         4. Տիրապետողը պարտավոր է՝

1) սույն կանոններին համապատասխան 15-օրյա ժամկետում իրականացնել նոր ձեռք բերված կենդանու հաշվառումը,

2) կենդանուն պահել դրա կենսաբանական ու անհատական առանձնահատկություններին համապատասխան և ապահովել սննդի, ջրի, քնի, շարժման, բնական ակտիվության նկատմամբ նրա պահանջները,

3) պահպանել կենդանուն պահելու սանիտարահիգիենիկ կանոնները, այդ թվում՝ իրականացնել կենդանու տարեկան պատվաստումները,

4) անհապաղ անասնաբուժական կամ առողջապահական կազմակերպություններին հայտնել կենդանու կողմից մարդու կամ այլ կենդանու առողջությանը վնաս հասցնելու մասին և զննման ու կարանտինային հսկողության իրականացման համար կենդանուն տեղափոխել մոտակա անասնաբուժական կազմակերպություն,

5) անհապաղ անասնաբուժական կազմակերպությանը հայտնել կենդանու կատաղության հիվանդության կասկածի մասին և մինչ անասնաբույժ – մասնագետի ժամանումը մեկուսացնել կենդանուն,

6)կենդանու հիվանդությունների կանխման նպատակով իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ,

7) բացառել կենդանու կողմից ընդհանուր օգտագործման տարածքների, բակերի մայթերի,  փողոցների, սիզամարգերի,  ինչպես  նաև  հանգստյան կանաչ  գոտիների աղտոտումը,

8) կենդանուն պահելուց հրաժարվելու դեպքում փոխանցել այլ անձի,

9) արգելվում է կենդանուն թողնել առանց  հսկողության,

10) կենդանի պահելու համար ձեռք բերել համապատասխան թույլտվություն՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,

11) ապահովել յուրաքանչյուր անձի անվտանգությունը և անդորրը կենդանու ազդեցությունից, այդ թվում՝ առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման կենդանուն դուրս չհանել,

12) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով տիրապետողի համար սահմանված այլ նորմերը և կանոնները:

 

3. Կենդանիների հաշվառումը

 

5. Կենդանիների հաշվառումն իրականացվում է մարդկանց և կենդանիների համար հատկապես վտանգավոր և վարակիչ հիվանդությունների հայտնաբերման, վարակված կենդանիների հայտնաբերման ու պրոֆիլակտիկայի ենթարկելու նպատակով:

6. Կենդանիները հաշվառման են ենթակա սկսած վեց ամսեկան հասակից:

7. Հաշվառման ենթակա չեն մանր կենդանիներն ու թռչունները, որոնք պահվում են դեկորատիվ նպատակով, ինչպես նաև կենդանաբանական այգիներում պահվող կենդանիները:

8. Հաշվառումն իրականացնում է համայնքի ղեկավարը՝ կենդանիների քանակի և դրանց կուտակումների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկությունների հավաքագրման միջոցով բնակչության իրավունքների և շահերի հաշվառմամբ, կենդանիների պահման համար համալիր միջոցառումների պլանավորման և կատարման նպատակով:

9. Կենդանիների հաշվառումն իրականացվում է դրանց ձեռքբերման կամ  համայնքի տարածք ներմուծման պահից 15-օրյա  ժամկետում:

10. Հաշվառման արդյունքում տիրապետողին տրվում է գրանցման վկայական և անհատականացնող համար: Հաշվառման մասին նշում է կատարվում կենդանիների հաշվառման գրքում:

11. Կենդանուն անհատականացնող համարը նշվում է կենդանու վզնոցի վրա:

12. Կենդանու հաշվառման ժամանակ տիրապետողը պարտադիր պետք է ծանուցվի կանոնների մասին, ինչը հավաստվում է տիրապետողի ստորագրությամբ: Տիրապետողն իրավունք ունի հաշվառող մարմնից անվճար տեղեկություններ ստանալ այն վայրերի մասին, որտեղ ինքն իրավունք ունի կազմակերպել կենդանու զբոսանքը կամ արոտը, ինչպես նաև այն վայրերի մասին, որտեղ թույլատրված է կենդանիների թաղումը:

13. Կենդանու մահվան կամ սպանդի դեպքում կենդանու տիրապետողը պարտավոր է հաշվառող մարմնին հանձնել գրանցման վկայականը, ինչի մասին նշում է կատարվում գրանցման գրքում:

14. Կենդանուն այլ անձի տիրապետությանը հանդձնելու դեպքում կենդանու հետագա վերահաշվառում իրականացնելու համար նոր տիրապետողին են հանձնվում կենդանուն անհատականացնող համարի նշումով կենդանու վզնոցը և գրանցման վկայականը:

15. Գրանցման գրքույկում նշվում են հետևյալ տեղեկությունները՝

1) գրառման հերթական համարը և հաշվառման տարեթիվը,

2) տիրապետողի անունը, ազգանունը, բնակության հասցեն, անձնագրի տվյալները,

3) կենդանու տեսակը, անունը, սեռը, գույնը, ցեղատեսակը, ծննդյան թիվը (եթե հայտնի է),

4) գրանցման վկայականի տրամադրման ամսաթիվը և հերթական համարը,

5) կենդանու անհատականացնող համարը,

6) տիրապետողի մոտ գտնվող կենդանիների թվաքանակը,

7) այլ տեղեկություններ:

16. Գրանցման վկայականի կորստյան դեպքում տիրապետողի դիմումի հիման վրա նրան տրվում է գրանցման նոր վկայական:

 

 

 

   4. Կենդանիներին պահելու, զբոսանքի, արոտի իրականացման և վաճառքի պայմանները

 

17. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են կենդանիներին պահելիս հաշվի առնել այդ կենդանիների կենսաբանական և անհատական առանձնահատկությունները, պահպանել օրենսդրությունը, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

18. Բնակելի շենքերում կենդանիների մշտապես կամ ժամանակավորապես պահելիս պետք է ապահովվեն մարդկանց և կենդանիների կյանքի բարենպաստ պայմանները:

19. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում կենդանիներ պահելն արգելվում է:

20. Կենդանիների զբոսանքը կամ թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում: Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների և շուկաների տարածքների:

21. Շների զբոսանքն իրականացնելու ժամանակ տիրապետողը պետք է ապահովի շրջապատող անձանց անվտանգությունը:

22. Շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է՝

1) շանը տարածքից դուրս բերել կամ ներս տանել կապով, որի երկարությունը թույլ է տալիս հսկել շան վարքը: Մարդկանց և ուրիշի կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային և այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ և վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ՝ ագրեսիվ շուն) պետք է ունենան դնչկալներ:

2) մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին,մարդաշատ վայրերում և երթևեկության հատման մասերում ագրեսիվ շանը պահել դնչկալով:

23. Ճանապարհը կամ երթևեկելի մասն անցնելիս, ինչպես նաև մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատկով, տիրապետողը պարտավոր է կենդանուն պահել կարճ կապի վրա:

24. Տիրապետողները պարտավոր են թույլ չտալ մայթերի կամ այլ հանրային օգտագործման տարածքների աղտոտումը կենդանու զբոսանքի ընթացքում, ինչպես նաև պարտավոր են մաքրել դրանց կենսագործունեության արդյունքները:

25. Շներ տիրապետողները իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացման շինություններում:

26. Կենդանիների վաճառքը թույլատրվում է իրականացնել մասնագիտացված խանութներում, կենդանիների շուկաներում կամ այդ նպատակի համար հարմարեցված հատուկ առանձնացված վայրերում՝ անասնաբուժական հատուկ վկայականի առկայության դեպքում:

27. Հասարակական վայրերում (խանութների հարևանությամբ, այգիներում, կայարաններում, գյուղատնտեսական արտադրանքի և սպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում և այլն) կենդանիների վաճառքն արգելվում է:

28. Կենդանիների զբոսանքը կամ արոտը կարող է կազմակերպվել տիրապետող անձի հսկողության ներքո՝ միայն դրա համար նախատեսված վայրերում:

29. Արգելվում է կենդանու ազատ կամ կապված արոտը դրա համար չնախատեսված վայրերում (փողոց, զբոսայգի, պուրակ, տնամերձ տարածք և այլն):

30. Տիրապետողները պարտավոր են հիվանդությունների կանխման նպատակով ապահովել համապատասխան անասնաբուժական միջոցառումների իրականացումը, թույլ չտալ շրջակա միջավայրի աղտոտումը կենդանիների կենսագործունեության արդյունքներում:

31. Արգելվում է՝

1) կենդանուն գրգռել մարդկանց և կենդանիների դեմ,

2) կռիվների կամ ներկայացումների համար կենդանիների օգտագործումը, որոնց արդյունքում կենդանին կարող է տանջվել, ցավեցվել, վնասվել կամ սպանվել,

3) կենդանիների երկարատև կամ մշտապես պահումը տրանսպորտային միջոցում,

4) անհամատեղելի տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների բնակեցումը, որոնց միջև կարող է առաջանալ ագրեսիվություն,

5) հարբած անձանց և 14 տարին չլրացած անչափահասներին 15 կիլոգրամից ավելի քաշ ունեցող շներին զբոսանքի տանելը,

6) կենդանիների հետ խանութներ, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտներ, բժշկական, կրթական և մշակութային հաստատություններ  այցելելը, բացառությամբ  ցուցադրության կամ համանման այլ միջոցառումների այցելության դեպքերի:

 

5. Կենդանիների դիերի թաղումը և թափոնումը

 

32. Տիրապետողները իրավունք ունեն թաղելու և թափոնելու իրենց պատկանող կենդանիների դիերը:

33. Կենդանիների դիերի թաղումն իրականացվում է այդ նպատակով համայնքի կողմից հատուկ առանձնացված վայրերում՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան:

 

 

6. Կանոնները խախտելու պատասխանատվությունը

 

34. Սույն կանոնների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

 

Տեղեկանք-Հիմնավորում

«Նոյեմբերյան համայնքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին» Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

 

       Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

 - Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի հանրապետության օրենսգրքի 113-րդ հոդվածը քաղաքացիների և իրավաբանական անձանց համար նախատեսում է պատասխանատվություն քաղաքներում և այլ բնակավայրերում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու, ինչպես նաև նույն խախտումների համար, որոնց հետևանքով վնաս է պատճառվել քաղաքացիների առողջությանը կամ գույքին: Նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է պատասխանատվություն արգելված տեղերում անասուններ պահելու համար:

     Նոյեմբերյանի համայնքի կողմից իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց տիրապետման ներքո գտնվող ընտանի կենդանիների հաշվառում, սակայն չեն սահմանվել դրանց պահելու և հաշվառելու համապատասխան կանոնները: Արդյունքում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերոնշյալ դրույթները չեն կիրառվել՝ իրավական հիմքի բացակայության պատճառով:

  Սույն կանոնների ընդունմամբ ակնկալվում է կարգավորել վերը նշված խնդիրները, այդ թվում՝ մարդկանց և կենդանիների հասցվող վնասը հասցնել նվազագույնի, կանոնակարգել ընտանի կենդանիների հաշվառման գործընթացը:

     Ելնելով վերոգրյալից հաշվի առելով Նոյեմբերյան համայնքի բնակիչների բազմաթիվ բողոքները՝ Նոյեմբերյան համայնքի ավագանու քննարկման է ներկայացվում «Նոյեմբերյան համայնքի ընտանի կենդանիներին պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին>> Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշման նախագիծը:  

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ  ՀՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

     

 «Նոյեմբերյան համայնքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու մասին» Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Նոյեմբերյան համայնքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու մասին» Նոյեմբերյանի համայնքի ավագանու որոշման ընդունման համաձայն Նոյեմբերյան համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն սպասվում:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner